


Արմինֆո. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, 2025 թվականի արդյունքների վերաբերյալով ելույթ ունենալով երկրի Ազգային մեծ ժողովում, խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Ինչպես հաղորդում է APA-ն, թուրք նախարարը հայտարարել է, որ 2025 թվականին այդ գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համակարգմամբ, և հաջորդ տարի խաղաղության ձեռքբերումը գնահատել է որպես պատմական հնարավորություն: "Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025 թվականին նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Առաջիկա ժամանակահատվածում մենք շարունակելու ենք անել անհրաժեշտ ամեն ինչ ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և խրախուսելու կողմերին՝ օգտագործել բացվող պատմական հնարավորությունը", - ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ նախագահների փոխայցելություններն առանձնահատուկ ներդրում են ունեցել 2025 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխգործակցության հետագա խորացման գործում, և ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ:
"Հարավային Կովկասում, որի հետ մեզ կապում են պատմական և մշակութային կապերը, 2025 թվականին տեղի ունեցան կարևոր իրադարձություններ։ Մեր բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները եղբայրական և մեզ դաշնակից Ադրբեջանի հետ սրընթաց շարունակվում են բարձր մակարդակի փոխադարձ շփումների, առաջին հերթին, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այցերի շնորհիվ", - եզրափակել է Ֆիդանը։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել է Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը նշանակել հատուկ ներկայացուցիչների՝ Սերդար Քըլըչին եւ Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցլացրել, բայց բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել ։



