
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն; 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք; ավելի քանի 415 միլիոն դրամ:
Ռոմա Մկրտումյանը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2011 թվականի նոյեմբերի 15-ին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2015 թվականի ապրիլի 7-ը։
Մկրտումյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես, 2023 թվականի օգոստոսից Հակակոռուպցիոն քրեական դատարանը քննում է յուրացման եղանակով հափշտակության գործը: Պահնորդական գործունեության արդյունքում առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ են ստացվել տնտեսավարող սուբյեկտներից և չեն մուտքագրվել արտաբյուջետային հաշվին: Նախաքննական մարմինը պարզել է, որ առանց գերատեսչության արտաբյուջետային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու, հափշտակության փաստը թաքցնելու նպատակով, գերատեսչության հաշվապահի աջակցությամբ կեղծվել են "Հաստատության արտաբյուջետային միջոցների գոյացման, ծախսերի և պարտքերի մասին" հաշվետվությունները: Դրանցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներն, իբր, չեն մուծել կամ ոչ ամբողջությամբ են մուծել կնքված պայմանագրով նախատեսված վարձավճարը, որից հետո նշված հաշվետու բնույթի փաստաթղթերը ստորագրվել և դրվել են շրջանառության մեջ:
Ըստ մեղադրանքի՝ առանձին տնտեսավարող սուբյեկտներից կազմված մի խումբ անձանց օժանդակությամբ կատարվել է առանձնապես խոշոր չափի (շուրջ 9 միլիոն 452 հազար դրամ) գողություն: Նշվել է, որ այդ գումարից Ռոմա Մկրտումյանի կողմից փաստացի յուրացված գումարը կազմել է շուրջ 4 միլիոն 918 հազար դրամ, որը համարժեք է 11 900 ԱՄՆ դոլարին: