


Արմինֆո. «Սասնա Ծռեր» խմբավորման ներկայացուցիչներ Պավել Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանց կվիրահատեն:
Ավելի վաղ Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը հայտարարել էր, որ նա կրկին վիրահատւոթյան կարիք ունի, և սպասվում է լուրջ վիրահատություն: Փաստաբանի հավաստմամբ, օգոստոսի 19-ին կատարված առաջին վիրահատությունից հետո Պավել Մանուկյանի վիճակն այնքնա էլ լավ չէր:
Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն իր հերթին հայտարարել էր, որ իր պաշտպանյալը պատշաճ բուժօգնություն չի ստանում, և Հովհաննեսի վիրահատությունն անհայտ պատճառներով ձգձգվում է: Այնուհետև ՄԻՊ աշխատակիցների և «Էրեբունի» ԲԿ բժիշկների այցելությունից հետո վերջինները հայտարարել էին, թե վիրահատությունն ուշանում է վերքերի վիճակի առնչությամբ:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին և Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասի (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, փոխադրելու համար) և 219 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի (շենքերի, շինությունների գրավում) հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափաման միջոց է ընտրվել կալանքը:



