
Արմինֆո. "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և, փաստորեն, տանում բռնապետության հաստատման։
«Գործող Սահմանադրության հետ համեմատությունը ցույց է տալիս մի քանի կոնկրետ հետընթաց։
1. Սահմանափակվում է ընտրելու իրավունքը։ Եթե վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես չես բնակվել Հայաստանում, չես կարող մասնակցել համապետական ընտրության կամ հանրաքվեի (հոդված 20)։
2. Թույլատրվում է քաղաքացիությունից զրկել։ Այսօր Սահմանադրությունն արգելում է դա։ Նախագիծը թույլ է տալիս դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկել՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար (հոդված 24)։
3. Ազատությունից զրկելու հիմքերի ցանկը հանվում է Սահմանադրությունից։ Այսօր այդ հիմքերը թվարկված են հենց Սահմանադրությամբ։ Նախագիծը դրանց սահմանումը թողնում է օրենքին (հոդվածներ 20 և 23)։
4. Քրեական գործով պաշտպանության մի շարք երաշխիքներ այլևս առանձին չեն ամրագրվում։ Խոսքը սեփական ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու, պաշտպանությունը նախապատրաստելու համար բավարար ժամանակ ունենալու, վկաներին հարցաքննելու և անվճար թարգմանիչ ունենալու մասին է (հոդված 20)։
5. Թուլանում է պաշտպանությունը վարչական կամայականությունից։ Նախագծում առանձին չեն ամրագրվում քաղաքացու՝ իր գործի փաստաթղթերին ծանոթանալու և իր իրավունքներին միջամտող որոշումից առաջ լսվելու իրավունքները (հոդված 20)», - գրել է Զուրաբյանը Facebook-ի իր էջում։
Ավելին, նրա ասելով, այդ նախագծով Փաշինյանը ոչ միայն պահպանում է սուպերվարչապետական համակարգի հիմքը, այլև ընդլայնում է վարչապետի անձնական լիազորությունները։ «Մասնավորապես՝ ընդլայնվում են վարչապետի ռազմական լիազորությունները և թուլացվում են դատական անկախության կարևոր երաշխիքները։
Դատարանների նկատմամբ քաղաքական ազդեցությունն աճում է։ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսօր նրանցից հինգին ընտրում են հենց դատավորները։ Գործող առաջին ատյանի, վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ նրանց պաշտոնում մնալը կախված է լինելու վերագնահատումից։ Վերագնահատող հանձնաժողովի բոլոր անդամներին ընտրելու է ԱԺ-ի պարզ մեծամասնությունը (58-րդ և 85-րդ հոդվածներ)։
Վարչապետի ձեռքում ավելի մեծ ուժ է կենտրոնացվում նաև երկրի ներսում։ Նա գերագույն հրամանատար է դառնում նաև խաղաղ ժամանակ։ Անհետաձգելի դեպքում նա կարող է որոշում կայացնել երկրի ներսում զինված ուժերի կիրառման մասին՝ առանց պաշտպանության նախարարի առաջարկի։ Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումն արդեն դրա կայացումից հետո (57-րդ հոդված)», - ամփոփել է ՀԱԿ փոխնախաագահը։
Նշենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծն արդեն հրապարակվել է հատուկ դրա համար ստեղծված կայքում: Դրանից հետո նա նաև ուղիղ եթերով հանդես է եկել հանրապետության քաղաքացիներին ուղղված ուղերձով: Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագիծն արմատական փոփոխություններ է նախատեսում հայոց պետականության հիմքերը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ պետության հարաբերությունները սահմանող ձեւակերպումներում: Երկրի գլխավոր օրենքից հանվել է հղումը Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հատկանշական է, որ սրանք հենց այն կետերն են, որոնց ՀՀ սահմանադրությունից հանելուն ձգտում էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Երկրի նոր հիմնական օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://yourconstitution.am/hy։