


Արմինֆո.Արցախի հասարակական եւ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ պայքարը շարունակելու մասին:
«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է Օսիպյանը։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքով , իսկ մայիսի 21-ից նա հացադուլ էր հայտարարել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վերահսկող դատախազը, հաշվի առնելով մեղադրյալ Արթուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների միջնորդությունները ՝ ուղղված գլխավոր դատախազին և վերահսկող դատաախազին, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին։



