


Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Նորին Սրբությունը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, կրոնական ազատության խթանմանը և ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանն ուղղված նրանց նախաձեռնությունների համար:
Գարեգին Բ-ն գոհունակությամբ է նշել կազմակերպության ջանքերը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերի բարձրաձայնմանը և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացմանը, հատկապես մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում:
Հայոց Հայրապետն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանմանը։
Խոսելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր, կրթական և ազգապահպան առաքելության մասին՝ Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում հայության հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր ու բարոյական արժեքների հաստատման գործում:
Դոկտոր Փոլ Մյուրեյը ներկայացրել է պատվիրակության այցի նպատակը և վերահաստատել կազմակերպության պատրաստակամությունը՝ սատարելու Հայ Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ամեն կերպ նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ հարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա:



