
Արմինֆո.Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։
«Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացները, առկա մարտահրավերներն ու համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները: Մենք ստորագրել ենք համատեղ հռչակագիր, որում արտացոլված են մեր համագործակցության հիմնական ուղղությունները»,- Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին, հաղորդում է Գրուզիա-օնլայնը:
Նախարարի խոսքով՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման հարցերին։
Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը կհյուրընկալի Վրաստանը։
«Թուրքական Ստամբուլ քաղաքում կայացավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Ուրախ եմ, որ գործընկերներիս հետ հնարավորություն ստացա ևս մեկ անգամ վերահաստատել մեր երկրների միջև առկա սերտ քաղաքական երկխոսությունը, փոխադարձ վստահությունը և մեր համագործակցության ռազմավարական նշանակությունը։ Այսօր այստեղ հավաքվել են ոչ թե պարզապես երեք պետությունների ներկայացուցիչներ, այլ գործընկերներ, որոնց միավորում է խաղաղության, բարօրության և զարգացման ընդհանուր տեսլականը»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ հանդիսանում են հաջողված տարածաշրջանային համագործակցության լավագույն օրինակը։ «Մեր գործընկերության հաջողությունը հաստատում են բազմաթիվ կարևոր ենթակառուցվածքային, էներգետիկ և տրանսպորտային նախագծեր, որոնք մեծ նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի համար։ Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք գնահատել այս համագործակցության գործնական արդյունքները։ Հաշվի առնելով ժամանակակից միջազգային միջավայրի մարտահրավերները՝ եռակողմ ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս համակարգված աշխատել ընդհանուր շահերի իրականացման համար»,- շարունակել է նա։
Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման հարցերին։ «Մենք հատուկ ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը նախապայման են ինչպես տարածաշրջանի զարգացման, այնպես էլ միջազգային անվտանգության համար»,- եզրափակել է դիվանագետը։