


Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքի տակ գտնվող 922 անձից 869-ն ունեն ընտրելու իրավունք։
Ինչպես հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը, ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել 434 անձ, որոնցից արդեն քվեարկել է 205-ը։
«Քվեարկության իրավունքի իրացման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր՝ օրենքով սահմանված կարգով։
Պրոբացիայի ծառայությունը շարունակում է ապահովել ընտրելու իրավունք ունեցող տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացումը՝ պահպանելով օրինականության, հավասարության և սահմանադրական իրավունքի պաշտպանության սկզբունքները։
Տվյալները ներկայացված են ժամը 12:30-ի դրությամբ և կարող են փոփոխվել քվեարկության գործընթացի ընթացքում», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները։ Հանրապետության ողջ տարածքում տեղական ժամանակով ժամը 08: 00-ին բացվել է 2500 ընտրական տեղամաս, որոնց մեծ մասը հագեցած է հսկողության տեսախցիկներով։ Հայաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն, երկրի 2,5 մլն-ից մի փոքր ավելի քաղաքացի ունի ընտրելու իրավունք: Ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 14,48 տոկոս: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ ՝ երկու դաշինք և 16 կուսակցություն։ Առավել ժողովրդականություն են վայելում են ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, գործարար Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը, գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը: Վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին։



