


Արմինֆո.«Մեկ կադր» (One shot) կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կանցկացվի Երևանում հունիսի 8-ից 15-ը։ Այս մասին նշված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում։
«One shot»-ի շրջանակներում կցուցադրվի 109 ֆիլմ։ Բացի այդ, նախատեսվում են վարպետության դասեր, հանդիպումներ, փորձի փոխանակում արվեստագետների միջև և մասնագիտական քննարկումներ։
«Մեկ կադր - մեկ րոպե» անվանակարգի մրցութային ծրագրի ընթացքում սպասվում է 51 ֆիլմի ցուցադրություն։ Ժյուրիի նախագահը կլինի կինոռեժիսոր, կինոգետ, պրոֆեսոր Գարեգին Զաքոյանը (Հայաստան), ժյուրիի անդամներն են՝ կինոռեժիսոր, XR միջավայրի դիզայներ Վահան Խաչատրյանը (Հայաստան), կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հարութ Մակյանը (Հայաստան)։
«Կարճամետրաժ ֆիլմեր» անվանակարգում ներկայացված է 23 ֆիլմ։ Ժյուրիի նախագահն է Հայաստանում Չեխիայի դեսպան, թարգմանիչ Պետր Պիրունչիկը, ժյուրիի անդամներն են՝ կինոգետ, կինոդերասանուհի և ժամանակակից պարուհի Ֆլորա Բորովիկը (Ուկրաինա), վավերագրական կինոյի ռեժիսոր և պրոդյուսեր Էսսամ Նագին (Եգիպտոս)։
«Կինո առանց սահմանների» մրցութային ծրագիրը, որի ընթացքում կցուցադրվի 21 ֆիլմ, կգնահատի լրագրող, արվեստաբան, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանը (Հայաստան)։
Արտամրցութային ծրագրում կինոսերներին կներկայացվի 14 ֆիլմ։
Ըստ աղբյուրի՝ փառատոնին մասնակցում են 18 երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Թաիլանդից, Իրանից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Հնդկաստանից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Չինաստանից, Պաղեստինից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից և Ֆրանսիայից։
Հանդիսավոր բացումը տեղի կունենա հունիսի 8-ին, ժամը 19:00-ին Երևանի Կինոյի տանը՝ հայտնի ժամանակակից նկարիչ Գրիգոր Խաչատրյանի «Մի՞թե այսօր այն նույն օրը չէ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ, որը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մոտիվներով։ Փառատոնի հիմնական ծրագիրը կանցկացվի «Բաց հարթակի» կամերային կինոդահլիճում (Քաջազնունու փողոց, 1)։



