


Արմինֆո. Մադրիդում, Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։
Երկու կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Իսպանիայի միջև փոխգործակցությունը բազմակողմ ֆորումներում և միջազգային կազմակերպություններում և քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։ Կողմերը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-80 նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացների վերաբերյալ։
Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ TRIPP ծրագրի միջկառավարական համաձայնագրի նախաստորագրումը՝ ընդգծելով ձեռք բերված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը նաև անդրադարձավ այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։
Զրուցակիցները քննարկեցին մի շարք երկկողմ հարցեր, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների ռազմավարական օրակարգը՝ ընդգծելով դրա հետևողական առաջխաղացման կարևորությունը։



