


Արմինֆո. Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը պնդում է, որ Ալեքսանյանն անցնում է հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման գործով։ Նրան ձերբակալել է ոստիկանությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դատարան դիմելու նպատակով։ Քննության ընթացքում իրավապահները հարցաքննել են շուրջ 500 հոգու։ Քննությունը պնդում է, որ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Ալեքսանյանը, հանդիսանալով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայաստանի ողջ տարածքում կազմակերպության տարբեր գրասենյակներում աշխատանքի է տեղավորել շուրջ 1400 քաղաքացու, որոնց մի մասը միաժամանակ աշխատել է այլ ընկերություններում։
2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպության հաշվեհամարներին մի շարք կառույցներից միջոցներ են մուտքագրվել, այդ թվում՝ «Տաշիր» հիմնադրամից, ինչպես նաև «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ընկերություններից, որոնք, ըստ քննության վարկածի, կարող են կապված լինել Ս. Կ.-ի հետ։ Մուտքերի ընդհանուր ծավալը, քննության տվյալներով, կազմել է մոտ 1,6 միլիարդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար։ Ըստ քննության վարկածի՝ այդ միջոցները կարող էին օգտագործվել այն աշխատակիցների աշխատավարձերի և այլ վճարումների համար, որոնք, ինչպես պնդվում է, ուղղորդվել են մասնակցելու Սամվել Կարապետյանի կողմնակիցների, «Մեր ձևով» կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքներին ու հավաքներին։ Քննությունը նաև կարծում է, որ աշխատակիցների մի մասը հետագայում կարող էր աշխատանքից ազատված լինել՝ առանց կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացման։



