


Արմինֆո.Առաջին հայկական Հանրապետությունը ստեղծվել է միասնությունն ամեն ինչից վեր դասող սերնդի կյանքի գնով և ազգային կամքի, նվիրումի ու պետական մտածողության շնորհիվ։ Առաջին Հանրապետության օրվա առթիվ նման ուղերձով է հանդես եկել ՀՅ «Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունը։
Քաղաքական ուժի մամուլի ծառայությունից հիշեցրել են, որ Առաջին Հանրապետության հիմնադիրները հայ ժողովրդին են փոխանցել համախմբման, պետականության պահպանման և ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու կարևորության պատգամը։ «Այդ սերունդը հասկանում էր, որ մեր ուժը միասնության մեջ է, մինչդեռ պառակտումը կդառնա մեր պետականության ամենամեծ սպառնալիքներից մեկը»,- նշել են ՀՅԴ-ում։
Կուսակցությունում ընդգծել են, որ այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը կրկին բախվում է լրջագույն մարտահրավերների, մայիսի 28-ի գլխավոր ուղերձն է՝ լինել վճռական, համախմբված և անսասան՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ազգային արժանապատվության և պետականության պահպանման։ «Փա՛ռք մայիսի 28-ի կերտողներին։ Փա՛ռք անկախ և ազատ կամք կտակած սերնդին։ Եկեք լինենք նրանց պատգամի արժանի հետնորդները։ Շնորհավոր Հայաստանի Հանրապետության օրը»,- եզրափակել են ՀՅԴ-ում։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության օրը։ Այս օրը Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել շքերթ, որտեղ երկրի իշխանությունները ցուցադրել են նոր ձեռք բերված սպառազինությունը։ Նշենք, որ Հայաստանում վերջին մասշտաբային զինվորական շքերթը տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։



