


Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքել է նախընտրական կաշառք բաժանելու կասկածանքով իր կուսակիցների ձերբակալության մասին լուրերը։ Այս մասին նա հայտարարել է մայիսի 28-ին Ապարանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Դա չի համապատասխանում իրականությանը։ Նման բան լինել չի կարող, դա բացառված է»,- ասել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ գործը համարում է շինծու, և, իր խոսքով, իր թիմակիցներին դա հայտնի է։
Նշենք, որ երեկ հայկական լրատվամիջոցները, հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին, հայտնել էին նախընտրական կաշառք բաժանելու և ստանալու փաստով 10 անձի ձերբակալության մասին։



