


Արմինֆո.Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցնող զինծառայողները կարող են ակնկալել հավելյալ պարգևատրում։ ՀՀ կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է պարգևատրումների չափերը։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ ներկայումս պարտադիր ծառայությունից պայմանագրայինի անցնելիս 2 տարի ժամկետով առաջին պայմանագիրը կնքելու դեպքում զինծառայողը ստանում է 1,5 միլիոն դրամ, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 միլիոն դրամ։ Այժմ առաջարկվում է այս դրույթը տարածել նաև երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ պայմանագրերի վրա։
Միևնույն ժամանակ, կրճատվում են պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու ժամկետները։ Ներկայումս ժամկետային զինծառայողը կարող է պայմանագրային դառնալ ծառայության 6 ամիսը լրանալուց հետո։ Այժմ այդ ժամկետը կրճատվել է մինչև 4 ամիս։
Առաջարկվող միջոցառումն ուղղված է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում ծառայության գրավչության հետագա բարձրացմանը և հետագայում պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողների պահպանման հնարավորությանը։



