


Արմինֆո. Մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության կատարման գործում։
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է երկու երկրների քաղաքացիների դեմ քրեական վարույթներում տեղեկատվության փոխանակման և քննչական գործողությունների արդյունավետության հարցին, որը հատկապես նկատելի է վերջին տարիներին՝ շնորհիվ Քննչական կոմիտեի և դեսպանատան միջև ամենօրյա, արդյունավետ համագործակցության։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ կեղծ թղթադրամների, արգելված դեղամիջոցների և այլ հարցերի վերաբերյալ տարբեր քրեական գործերի նախնական քննությունները կատարվում են օպերատիվ կերպով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հանցագործության, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեղ ջանքերը։



