


Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: Ապրիլի 30-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է փաստաթղթի վավերացումը, որը սահմանված ընթացակարգին համապատասխան կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ փաստաթուղթը ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին: Ներկայումս այն ստորագրել են ԱՄՆ-ն, Հայաստանը, Ադրբեջանը, Արգենտինան, Բահրեյնը, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, Կոսովոն, Մոնղոլիան, Մարոկկոն, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիայի Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը:
Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է խթանել կայունությունը և ապահովել խաղաղությունը հակամարտություններից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդն իրականացնում է խաղաղաշինության գործառույթներ, այդ թվում՝ մշակել և տարածել խաղաղություն որոնող բոլոր երկրների համար կիրառելի լավագույն փորձը, համաձայն միջազգային իրավունքի և կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերի:
Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություն համաձայնվում է դրանով պարտավորվել: ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը պարունակում է դրույթներ, որոնք սահմանում են ՀՀ ֆինանսական պարտավորությունները՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման առումով։
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը չի պարունակում որևէ դրույթ, որը հակասի ՀՀ օրենսդրությանը։



