


Արմինֆո.Ջազի միջազգային օրվա կապակցությամբ "Ոսկե ծիրանը" սովորականից շուտ է բացել առաջիկա փառատոնի վարագույրը:
"Ոսկե ծիրանի" ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, փառատոնի տարածաշրջանային ծրագրի մրցույթի ժյուրիի կազմում կընդգրկվի աշխարհահռչակ ֆրանկո-լիբանանցի շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։
Նշենք, որ Իբրահիմ Մալուֆը ժամանակակից եվրոպական ջազային բեմի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։ Ծնվել է 1980 թվականին Բեյրութում, մեծացել՝ Ֆրանսիայում երաժշտական ընտանիքում և ստացել դասական երաժշտական կրթություն: Նա միջազգային ճանաչում է ձեռք բերել քառատոն շեփոր նվագելու հեղինակային ոճի և ջազի, մերձավորարևելյան մոտիվների և ակադեմիական երաժշտության համադրության շնորհիվ ։
Մալուֆն ակտիվորեն աշխատում է կինոարտադրության մեջ ՝ որպես կոմպոզիտոր ։ Նա երաժշտություն է գրել ավելի քան երկու տասնյակ ֆիլմերի համար և պարբերաբար համագործակցում է եվրոպացի ռեժիսորների հետ։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երեւանում անցկացվում է 2004 թվականից եւ համարվում է ամենահեղինակավորը տարածաշրջանում: Հիմնադիրներն են Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը: Փառատոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Կարեն Ավետիսյանը:
Այս տարվա մարտին հայտնի դարձավ, որ Երևանի "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (Federation Internationale des Associations de Producteurs de Films - FIAPF) ցանցում: Հարկ է նշել, որ ամբողջ աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոններից միայն մոտ 50-ն են ճանաչվել այս կազմակերպության կողմից:



