


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի հետ կապված միջադեպին մասնակցելու համար կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են "Աբովյան" քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
"Հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են "Աբովյան"ՔԿՀ ։ Սա ընդամենը իրավունքների ապահովման պատրանք է։ Դավիթի կյանքին վտանգ է սպառնում, անհրաժեշտ է երեխային տեղափոխել հիվանդանոց, այլ ոչ թե՝ այլ ուղղիչ հիմնարկ", - ընդգծել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել 18-ամյա Դավիթ Մինասյանին: ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), ինչը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում՝ Ծաղկազարդի օրը, երբ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում էր դեպի ելք։ Այդ պահին Մինասյանը ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։ Համացանցում տարածվել են նաև կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված է հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել, իսկ ոտքի կանգնելուց հետո երկար ժամանակ չի կարողացել ուշքի գալ:
Ուշագրավն այն է, որ ՔԿ-ն գործ է հարուցել Քրեական օրենսգրքի՝ "պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը" հոդվածի հատկանիշներով, մինչդեռ, ինքը ՝ վարչապետ Փաշինյանը, բազմիցս հայտարարել է, որ կիրակնօրյա պատարագներին ներկա է բացառապես որպես Հայ Առաքելական Եկեղեցու սովորական հետեւորդ։



