


Արմինֆո.Խուլիգանության մեղադրանք է առաջադրվել 18-ամյա պատանուն՝ այն բանի համար, որ նա թքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական մեքենայի վրա: Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ Facebook-ի իր էջում ուղիղ եթերով:
Փաստաբանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ՝ Ծաղկազարդի օրը: Նրա խոսքով ՝ Միքայել անունով 18-ամյա երիտասարդը աղբ էր հանում, երբ տեսել է վարչապետի ավտոշարասյունը։ Նա մոտեցել և թքել է հենց Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա, իսկ երբ նրան հարցրել է, թե ինչու է դա արել, վերջինս պատասխանել է. "Որովհետև թուրքը վաճառել է մեր հողերը": Ընդ որում, ինչպես նշել է փաստաբանը, ըստ էության, մեքենան այդ պահին ոչ թե պետական, այլ քաղաքական գործառույթ էր կատարում, եւ Հայաստանի վարչապետը ծառայողական մեքենան օգտագործում էր իր կուսակցական նպատակներով: "Դրանից հետո երիտասարդին 48 ժամով ձերբակալել են, եւ ներկայացրել են դատախազի որոշումն այն մասին, որ նրա արարքը ենթակա է խուլիգանության հոդվածի ։ Այս պահին նա ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին", - հաղորդել է Մելիքյանը։
Փաստաբանն իրավիճակի առնչությամբ հիշեցրել է այն դեպքը, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր հենց քաղաքացու դեմքին, ինչի համար նրան մեղադրանք չէր առաջադրվել: "Այսինքն, ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը կարող է թքել քաղաքացու երեսին, դա պատժելի չէ և քննչական մարմնի կողմից հանցագործություն չի որակվում, իսկ պատանին, ով, պարզապես, անքաղաքավարի ձևով որոշել է իր քաղաքական դիրքորոշումը դրսևորել, ստացվում է, հանցագործություն է կատարել։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, ավելին, պատանին 48 ժամով ձերբակալվել է։ Ըստ էության, այսօր Հայաստանում երեխաներին ցույց է տրվում, որ երկրում իրավունք չի գործում", - եզրափակել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին Ալեն Սիմոնյանը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, Երևանի կենտրոնում թքելով իրեն "դավաճան" անվանած քաղաքացու դեմքին, ում ձեռքերը բռնել էին ԱԺ խոսնակի թիկնազորի աշխատակիցները։ Հասարակական պարսավանքից հետո Սիմոնյանը ներողություն էր խնդրել, սակայն չէր զղջացել իր արարքի համար:



