


Արմինֆո.«Երևան» երիտասարդական նվագախումբը, որը Բեյրութում էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակում, տարհանվել է Լիբանանից՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Այդ մասին հաղորդել է Լիբանանում Հայաստանի դեսպանատունը։
«Տարածաշրջանում լարվածության աճի և Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, լիբանանյան կողմի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել վաղաժամկետ Հայաստան վերադարձնել Երևանի քաղաքապետարանի երիտասարդական նվագախումբը՝ 87 մարդ, այդ թվում՝ ուղեկցող անձնակազմը։ Դեսպանատան և Middle East Airlines ավիաընկերության միջև քննարկումներից հետո, ստացված հարցմանը ի պատասխան, որոշվել է կազմակերպել լրացուցիչ չվերթ՝ հատուկ այդ նպատակով», - ասվում է ՀՀ դեսպանատան հաղորդագրությունում։
Նաև ընդգծվում է, որ մշտական կապ է պահպանվել Երևանի քաղաքապետարանի հետ։ «Այս ընթացքում Լիբանանից մեկնել ցանկացող քաղաքացիներին խնդրվել է գրանցվել դեպի Հայաստան չվերթի համար՝ դեսպանատան թեժ գծի միջոցով։ Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանատան դիվանագետները կազմակերպել են նվագախմբի տեղափոխումը և ուղեկցումը մարտական գոտիներով դեպի օդանավակայան։ Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Երևանում», - հավելել են դեսպանատանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը։ Իրանի հարավում գտնվող նահանգներից մեկում օրիորդաց դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Իսրայելն Իրանի ռմբակոծությանը զուգընթաց հարվածներ է հասցնում նաև Լիբանանին։



