


Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը մարտի 4-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, դեսպան Իմանբաևը խոսել է մարտի 15-ին նշանակված Ղազախստանի Հանրապետության սահմանադրական հանրաքվեի կարևորության մասին։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ ընդունել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահի հրավերը և մարտի 15-ին լինելու է Աստանայում։
Երկուստեք կարևորել են ՀՀ և ՂՀ ԿԸՀ-ների համագործակցության կարևորությունը՝ հիմքում ունենալով 2023 թվականի դեկտեմբերին երկու երկրների ընտրական մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։
2026 թվականի մարտի 15-ին (այս կիրակի) Ղազախստանում նշանակված է հանրապետական հանրաքվե՝ ՂՀ սահմանադրության նոր տարբերակի շուրջ: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այդ մասին հրամանագիր է ստորագրել փետրվարի 11-ին։
Ինչպես գրում է Tengrinews.kz-ը, սա վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրի հիմնական օրենքում, որն ունի ամենաբարձր իրավաբանական ուժ, փոփոխություններ են կատարվում արդեն յոթերորդ անգամ: Նախորդ սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել 1998, 2007, 2011, 2017, 2019 և 2022 թվականներին: Այս անգամ փոփոխությունները վերաբերում են տեքստի 84 տոկոսին: Սա անկախությունից ի վեր ամենածավալուն վերանայումն է. նախագահը այն որակել է որպես «ըստ էության նոր սահմանադրության» ընդունում:
Հանրաքվեի քվեաթերթիկը կներառի միայն մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր սահմանադրությունը»: Գլուխների կամ հոդվածների վերաբերյալ առանձին քվեարկություններ չեն լինի: Ընտրողները կարող են քվեարկել միայն ամբողջ փաստաթղթի համար՝ կամ աջակցելով դրան ամբողջությամբ, կամ մերժելով այն: Հարկ է նշել, որ առանձին բաժիններ խիստ տարբերվում են գործող սահմանադրությունից:



