


Արմինֆո. Փետրվարի 27-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի իր նոր ու էքսկլյուզիվ «Big Band Cinema» ծրագիրը՝ բաղկացած տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերի ամենաջազային սաունդթրեքներից։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են երեկոյի կազմակերպիչների մամուլի ծառայությունից, ստեղծագործությունները, որոնք գրված են մեծ ջազային նվագախմբի համար, կհնչեն այնպես, ինչպես հնչել են ֆիլմերում՝ հանդիսատեսին տանելով էկրանի այն կողմ։ Կատարումները կուղեկցվեն ֆիլմային տեսաշարով՝ ձևավորելով տպավորիչ ու տեսարժան կինո-ջազային փորձառություն։ «Whiplash», «Mission: Impossible», «Skyfall», «The Pink Panther» և այլ ամենաջազային սաունդթրեքների հզոր կենդանի բիգ-բենդային հնչողությունը, ջազային իմպրովիզացիան և սիրված ու ճանաչված կինոնկարներից մեծ էկրանին ցուցադրվող տեսարանները հանդիսատեսին նորովի կներկայացնեն ջազ նվագախմբի հնչողությունն ու այս գեղեցիկ ժանրը։



