
Արմինֆո. Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հանդեպ, այսօր դուրս գալ Երևանի կենտրոնում բողոքի ցույցի։
«Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։
Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։
Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։
Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։ Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է», - ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում:
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբն իրազեկել է, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։ «Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)», - ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Բաքվի խամաճիկային դատարանը փետրվարի 5-ին շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում: