


Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկնաբանել է Ադրբեջանի խամաճիկային դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռը:
"Լեռնային Ղարաբաղի ղեկավարներն Ադրբեջանի կողմից դատապարտվել են շինծու դատավարությունում։ Նրանք քաղաքացիական անձինք են, որոնք կանգնել են զինվորական դատարանի առջև, ինչը մարդու հիմնարար իրավունքների լիակատար խախտում է։ Եթե նրանց համարում են զինվորականներ, ապա մեղադրանքներն անհիմն են, նրանց չի կարելի մեղադրել սովորական հանցագործությունների մեջ, ինչպես՝ ահաբեկչությունը։ Էթնիկ զտումների և ցեղասպանության զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի առաջնորդների նկատմամբ շինծու գործընթացից հետո Եվրոպական հանձնաժողովը չէր կարող շարունակել անտեսել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները՝ հանուն հարմար գնով նավթ ստանալու", - գրել է Լուիս Մորենո Օկամպոն` իր թվիթերյան (X) էջում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում:



