
Արմինֆո. Երեկ օրվա երկրորդ կեսին լրահոսում հայտնվեց չոր ու ցամաք մի լուր. Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») տարել են Սիսիանի ոստիկանություն՝ բանտ տեղափոխելու համար։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Անսպասելի չէր այդ ծանր լուրը։ Օրեր առաջ արդեն հայտարարվել էր - Հրամանատարի դեմ երկամյա մեղադրական վճիռը մտել է «օրինական» ուժի մեջ և ուղարկվել է կատարման։ Օրերի հարց էր։
Ի՞նչ է եղել։ 2021 թվին վերաբերող ինչ-որ շինծու գործով առաջին ատյանի դատարանը Աշոտ Երկաթին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման, բայց «պայմանական» էր տվել, այսինքն վճռել էր, որ պատիժը պետք է պայմանականորեն չկիրառվի։ Հետո դատախազը բողոքել էր վերաքննիչ դատարան, ու «պայմանական»-ի մասը բեկանվել էր - պիտի պատիժը ռեալ կիրառվեր։ Հետո պաշտպանը դիմել էր վճռաբեկ դատարան, բայց գործը վարույթ չէին ընդունել։
Այսպիսով, անսպասելի չէր այդ ծանր լուրը, բայց անարդարության ահավոր զգացողություն առաջացրեց։ Կոկորդ խեղդող անարդարության։ Մենք բոլորս իբր մեր «գործն ենք անում», մեկ էլ իմանում ենք՝ տարել են շատ հարգելի ա՛յս մարդուն, հետո՝ շատ արժանավոր ա՛յն մարդուն։ Հետո աղաղակում ենք, թե «իրավ չէ՛»։ Հետո բան չի փոխվում։ Հետո շարունակում ենք մեր «գործն անել»…
Հայ ազատագրական շարժման ականավոր հրամանատար Աշոտ Երկաթին երեկ տարան գերության։ Մենք ճաղերի տարբեր կողմերում ենք։ Ու իրականում պարզ էլ չէ՝ ճաղերի ո՛ր կողմում է բանտը։
ԼՐԱՑՈՒՄ. Պաշտպան Միհրան Պողոսյանը շտկում է. «[վճռաբեկ դատարանը] ոչ թե վարույթ չի ընդունել, այլ ինչպես պաշտպանի, այնպես էլ Հրամանատարի բողոքները ակնհայտ ապօրինի դատական ակտերով «առանց քննության» է թողել», - գրել է իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր գաղութ ուղարկել Ղարաբաղյան պատերազմի շրջանի կամավորական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ "Աշոտ Երկաթին"՝ ապօրինի կերպով հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ 1 տարի 10 ամիս պայմանական ազատազրկման մասին որոշումը ՝ նույն ժամկետով դատապարտելով գաղութում ազատազրկման:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու դփաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քննությունն այն ժամանակ հաղորդել էր, որ նրա մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։