
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կրոնական ազատության իրավունքի խախտման առնչությամբ, ով դատապարտվել է երկու տարվա ազատազրկման "երկրում իշխանությունը զավթելու կոչերի համար":
«Այսօր առավոտյան պաշտոնապես դիմել եմ ՀՀ Արդարադատության նախարարին՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ։ Սրբազանը զրկվել է կիրակնօրյա պատարագին մասնակցելու և Սուրբ Հաղորդություն ստանալու հնարավորությունից՝ նույնիսկ հիվանդանոցային պայմաններում, որտեղ նա պատիժ է կրում` առողջական վիճակով պայմանավորված։ Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։ ՀՀ Սահմանադրությունը և ՄԻԵԿ-ը պարտադրում են պետությանը ոչ թե սահմանափակել, այլ ապահովել այդ իրավունքը։
Պահանջում եմ անհապաղ ապահովել Միքայել Սրբազանի՝ ամեն կիրակի Սուրբ Հաղորդություն ստանալու իրավունքը, նաև հիվանդանոցում; տալ հստակ հանձնարարականներ պատասխանատուներին՝ կանխելու հետագա իրավախախտումները։
Պետության վերաբերմունքը հատկապես հիվանդ մարդու հանդեպ չափվում է գործով, ոչ թե` հայտարարություններով», - գրել է պատգաամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր "Իզմիրլյան" բժշկական կենտրոնում պետք է տեղի ունենար արքեպիսկոպոսի վիրահատությունը, սակայն այն հետաձգվել է Աջապահյանի առողջական վիճակի պատճառով: Դեռ դեկտեմբերի սկզբին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին ահազանգել էր ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվել էր հունիսի 28-ին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշմամբ: Հոգևորականը մեղադրվում է իշխանությունը բռնի տապալելու կոչեր անելու համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է այն կոչերին, որոնք հնչեցվել են մեկ տարի առաջ և ՀՀ ԱԱԾ-ի կողմից ճանաչվել են որպես հանցակազմ չպարունակող։ Նոյեմբերի 3-ին դատարանը արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը բողոքարկել է վճիռը ՝ արքեպիսկոպոսի համար պահանջելով 2 տարի 6 ամիս ազատազրկում: