
Արմինֆո. Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խուզարկություններ են իրականացվել "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի «մենք կանենք մեր ձեւով» հրապարակային հայտարարության մեջ իշխանությունը զավթելու կոչի բացակայության մասին փորձագիտական եզրակացություն ներկայացրած լեզվաբան-փորձագետներից մեկի տանը։
Այդ մասին մամուլի ասուլիսում հաղորդել է Կարապետյանի պաշտպանական խմբի փաստաբան Արշակ Վարդանյանը, հիշեցնելով, որ գործարարի գործի շրջանակներում պաշտպանությունը նախաքննական մարմնին և դատարան է ներկայացրել լեզվաբանների կարծիքները, որոնք փորձագիտական մակարդակով վերլուծել են տվյալ հայտարարությունը, ինչպես նաև հոգեբանների եզրակացությունները, որոնք ուսումնասիրել են ժեստիկուլյացիան և միմիկան: "Փորձագետները պնդել են, որ այդ հրապարակային հայտարարության մեջ իշխանությունը զավթելու կոչ չկա։ Այդ պայմաններում Կարապետյանին չէր կարելի ոչ միայն կալանավորել, այլ, նույնիսկ, քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ", - նշել է փաստաբանը։
Վարդանյանը հիշեցրել է, որ ի սկզբանե Կարապետյանի հայտարարության մասով պաշտպանության բոլոր հիմնավորումները չեն ընդունվել՝ փորձագիտական եզրակացությունների բացակայության պատճառով։ Սակայն, ինչպես նշել է փաստաբանը, 5 ամիս անց դրանց տրամադրումից հետո, անսպասելի խուզարկություններ են սկսվել։ Նա նաև դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ խուզարկությունների միջնորդությունները դատարանի կողմից արտոնվել են։ "Այս պայմաններում, երբ խուզարկություններ են իրականացվում արդեն, անգամ, փորձագետների տներում, շատ դժվար է խոսել արդարության և օբյեկտիվության մասին", - հավելել է Վարդանյանը:
Փաստաբան Արմեն Ֆերոյանն, իր հերթին, ուշադրություն է հրավիրել Սամվել Կարապետյանի գործի շրջանակներում ևս մեկ հետաքրքիր դեպքի վրա: Նա հիշեցրել է, որ Քննչական կոմիտեն ի սկզբանե ոչ միայն մեղադրող մարմին է, այլև մարդու անմեղությունը հաստատող մարմին: Մինչդեռ, ըստ Ֆերոյանի, Կարապետյանի պաշտպանությունը կարողացել է հիմնավորել, որ տվյալ գործում Քննչական կոմիտեն ընդունում է միայն կեղծ և մեղադրական ապացույցները:
"Եվ երբ պաշտպանական կողմը փորձում էր ճշտել, թե ինչու են որոշ վկաներ հարցաքննվում, իսկ մյուսները՝ ոչ, մենք ստանում էինք հետևյալ պատասխանը. որովհետև մտավախություն կա, որ նրանք ցուցմունք կտան ձեր օգտին: Այդ մասին մեզ հայտարարել է քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, ինչը դուրս է իր լիազորությունների շրջանակից և չի համապատասխանում քրեական գործի վարման օրենքներին։ Այդ հայտարարությունը հակաօրինական է", - եզրափակել է Ֆերոյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին իրավապահ մարմինները ձերբակալել են, ապա դատարանը կալանավորել է խոշոր գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Դա տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, հարցազրույցում հայտարարել է․ "Մենք մեր ձեւով կմիջամտենք", եթե քաղաքական գործիչները չկարողանան կատարել այդ գործառույթը: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից , փաստացի, խլել են ՀԷՑ-ի կառավարումը՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին, իսկ հետո, ճնշում գործադրելով ՀԾԿՀ նկատմամբ, "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ին զրկել են էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից: