


Արմինֆո. Արցախի ներկայացուցչությունում արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում: Այդ մասին հաղորդում է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում», - գրել է Տիգրան Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել նաև փաստաբան Ռոման Երիցյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերը Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթի առնչությամբը, որտեղ հիշատակվում են նաև Արցախից փախստականները, հայտարարել է, որ ինքը առաջարկ ունի․ միաժամանակ փակել․ այսպես կոչված․ "Արևմտյան Ադրբեջանի" թեման և արցախցիների հայրենիք վերադարձի հարցը։ Փաշինյանն այդ առնչությամբ, նույնիսկ, հիշեցրել է, որ արդեն հայտարարել է "Լեռնային Ղարաբաղ արցախցիների վերադարձի անհնարինության մասին"։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի և սահմանադրության օրը, Արցախի ներկայացուցչությունում տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ, որոնց շրջանակում քննարկվել են Արցախի ժողովրդի ՝ հայրենիք վերադառնալու իրավունքը և ինքնորոշման սկզբունքի հիման վրա Հանրապետության քաղաքական կարգավիճակի որոշումը:



