


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը մինչև տարեվերջ հրապարակելու իր որոշման պատճառը:
Նրա խոսքով՝ փաստաթղթերը հրապարակելու իր որոշումը նախկին նախագահի վերջին հայտարարությունների արդյունքը կամ արձագանքը չէ: Նա նախկինում էլ պատրաստակամություն է հայտնել դա անել, հանձնարարականներ է տվել բոլոր փաստաթղթերը նախապատրաստելու համար, սակայն ժամկետներ չի նշել, քանի որ "միայն ինքը չէ, որ այդ փաստաթղթերի փաթեթի տերն է":
"Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե (ղարաբաղյան կարգավորման հարցով, լուծարման գործընթացը մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների դիմումից հետո-խմբ.) կլուծարվի եւ դրա բարոյական, ինչպես նաեւ քաղաքական արգելքը կվերացվի", - նշել է նա:
Ինչ վերաբերում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ այլ պետության առաջնորդին ուղղված նամակին, ապա Փաշինյանը վերահաստատել է այն հրապարակելու մտադրությունը: Ընդ որում, վարչապետը չի հստակեցրել ժամկետները, նշելով միայն, որ այժմ ընթանում է այդ փաստաթղթի գաղտնազերծում։
Նշենք, որ օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը "Իմնեմնիմ" փոդքասթի շուրջ 7 ժամ տևած եթերի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2019 թվականին Փաշինյանին առաջարկել են ղարաբաղյան հարցի վերաբերյալ նոր փաստաթուղթ, որը շուրջ մեկ տարի թաքցվել է հանրությունից։ Սարգսյանի խոսքով՝ ինքը Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը զգուշացրել է նման փաստաթղթի առկայության մասին և կոչ արել ծանոթանալ դրան: Ավելի ուշ՝ 2020 թվականի մայիսին կամ հունիսին, ՌԴ ԱԳՆ-ը, ինչպես նշել Է Սարգսյանը, հաստատել է, որ նման փաստաթուղթ իսկապես գոյություն է ունեցել ։ Ինչպես նշել է նախկին նախագահը, ի սկզբանե փաստաթուղթն անընդունելի է համարել Հայաստանի համար, սակայն հետագայում եկել է այն եզրակացության, որ այն կարող էր հիմք հանդիսանալ բանակցությունների համար:
Հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում հայտարարել է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակելու ծրագրերի մասին:



