


Արմինֆո. Այս տարվա դեկտեմբերին Երևանում տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի ստեղծագործությունների մոտիվներով ոգեշնչված «Ալենի կախարդական հեքիաթը» ամանորյա սառցե շոուի պրեմիերան: Նախագծի նախապատրաստական աշխատանքները, որում ներգրավված է, ընդհանուր առմամբ, 130 մարդ, այդ թվում՝ ստեղծագործական կազմը, մարզիկներն ու տեխնիկական անձնակազմը, շարունակվում են արդեն 8 ամիս: Հանդիսատեսին սպասվում է հետաքրքրաշարժ և հմայիչ սառցե ներկայացում, որը լի է անսպասելի մուլտիմեդիա էֆեկտներով, տեխնիկական բարդ հնարքներով և ցնցող պարային համարներով:
Նախագծի բեմադրող նկարիչները մշակել են ամենաբարդ դեկորացիաները, մուլտիմեդիա տեխնոլոգիաների մասնագետները ստեղծել են յուրահատուկ վիզուալիզացումներ և հատուկ էֆեկտներ շոուի համար ։ Ալեն Մարգարյանի ստեղծագործությունների մոտիվներով սցենարի վրա աշխատում է սցենարիստ, ռեժիսոր և բեմադրող Էմիլ Կարատը: Զգեստների նկարիչը Կարինե Դնոյանն է, ով այս ընթացքում ստեղծել է ավելի քան 80 անհատական հագուստ, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր գեղասահորդի վերամարմնավորվել որպես հեքիաթային հերոս:
Ամանորյա պրեմիերայի գլխավոր դերերը կկատարեն հայկական գեղասահքի աստղեր, Իսրայելի, Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոններ և շատ այլ հայտնի գեղասահորդներ, որոնց հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում է հայտնի պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը: Բացի գեղասահորդներից, շոուին մասնակցում են նաև կրկեսային ակրոբատներ, հոկեյիստներ և երկրորդ պլանի արտիստներ:
Նշենք, որ պրեմիերան կկայանա դեկտեմբերի 20-ին և 21-ին "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ ուսումնամարզական համալիրում:



