
Արմինֆո. Արտատարածքային կարգավիճակով որևէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ տեսլականին։ Ըստ այդմ, որևէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել: Այդ մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ԱԳ նախարարությունից, պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է թուրքական լրտվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե, իբր, Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն։ Նախարարությունում նաեւ հիշեցրել են, որ Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը դրական գնահատականների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից։ «Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնության համահունց մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար։ Միևնույն ժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառույցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»,- նշված է գերատեսչության պատասխանում։
Արտգործնախարարությունից հավելել են, որ քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ շահավետ և տարածաշրջանային խաչմերուկային ներուժն իրացնող արդյուքներին հասնելու համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքական Turkiye today-ը, վկայակոչելով համացանցում ադրբեջանական ռեսուրսների կողմից շրջանառվող չհաստատված պնդումները, գրում է, որ Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։ Օրերս էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է՝ «թեև Հայաստանը սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում»։ Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական տեսանկյունից։