


Արմինֆո. Թուրքիայի IYI ("Լավ" ) կուսակցությունը Հայաստանի հետ սահմանին գտնվող "Ալիջան" անցակետը "Թալեաթ փաշայի սահմանային անցակետ" վերանվանելու առաջարկ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով: Այդ մասին հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները՝ հրապարակելով անցակետի լուսանկարը։
Ուշագրավ է, որ Թալեաթ փաշան 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից է։
Կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերն Ադրբեջանի հետ համակարգմամբ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Սերդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը, ովքեր արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել նրանց դեռ չի հաջողվել ։



