
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը: Այդ մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:
ՙՆախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու "տեղեկությունները" կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Միջադեպի առնչությամբ Ադրբեջանը տեսանյութ է տարածել, որում հայ զինծառայողը, մասնավորապես, հայտարարում է, որ շփման գիծն անցնելիս մենակ չի եղել, սակայն իր ընկերը չի հասցրել անցնել սահմանագիծը: Իր արարքը նա բացատրում է այն բանով, որ Պաշտպանության բանակում իբր հաճախ բռնության է ենթարկվել: