


Արմինֆո.Հոկտեմբերի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ ՄԻնասյանն ընդունել է Ռումինիայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար (տարիներ շարունակ Սիրիան Ռումինիայում ներկայացված է գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով) Խալեդ Շարաֆին։
Ռումինիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման սկզբում դեսպան Մինասյանը շնորհավորել է զրուցակցին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ։
Զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ընդգծվել են երկու ժողովուրդների միջև դարավոր պատմական կապերն ու հարաբերությունները, հատկապես, Հայոց ցեղասպանությունից հետո ավելի մեծացած սիրիահայ համայնքի ներկայությամբ, որը կարևոր դերակատարություն է ունեցել երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման գործում։
Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են, որ ներկայումս թե Սիրիան, թե Հայաստանն առերեսվում են այնպիսի նմանատիպ անվտանգային մարտահրավերների, ինչպիսին են որոշ հարևան երկրների ագրեսիվ կեցվածքը և միջազգային ահաբեկչական խմբերի ներգրավումը ռազմական հակամարտություններում, մասնավորապես, 2020թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Մերձավոր Արևելքից ժամանած զինված ահաբեկիչների և վարձկանների կազմակերպված և համակարգված ձևով մասնակցությունը։



