


Արմինֆո. Ժամը 16:00-ի դրությամբ անհնազանդության ակցիաների 18 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ մասին ԱրմԻնֆո-ին պատմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա հավաստմամբ, բողոքի ակցիայի 11 մասնակիցներ բերման են ենթարկվել Հանրապետության հրապարակից, եւս 7-ը՝ Թումանյան փողոցից։ "Վերը նշված բոլոր անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 - րդ հոդվածով՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար", - ասել է նա:
Ինչպես հաղորդում են ՄԻՊ գրասենյակից, պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ։ «Եվ այժմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Կենտրոնի, Մաշտոցի, Էրեբունու, Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիա-Սեբաստիայի բաժիններում, որտեղ իրականացվում են համապատասխան գործողություններ:
ՄԻՊ աշխատակազմը ուսումնասիրում է նաև բռնության կոչեր և ատելության խոսք պարունակող սոցիալական ցանցերի գրառումները և մամուլի հրապարակումները։ Ավելի ուշ ՄԻՊ աշխատակազմի կողմից մանրամասն կհրապարակվեն ամփոփած ողջ տվյալները», - ասվում է հաղորդագրությունում:



