


Արմինֆո. Հայաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ կորոնավիրուսի վերաբերյալ համացանցում կեղծ հաղորդումներ տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
ՙՆոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին, ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին՚, - ասվում է նախարարության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Նախօրեին ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Հայաստանում, և վարակակիրները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): ՙՊացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Հավելենք որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես՚, - ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Ավելի վաղ երկրում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման մեկ դեպք. 29-ամյա քաղաքացին Հայաստան էր ժամանել Իրանից, նա իրեն լավ է զգում:



