


Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ը երկրի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելությունից:
«Օկուպացված տարածքներ այցելությունը, առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, հակասում է ոչ միայն միջազգային իրավունքին, այլ նաև ուղեկցվում է մի շարք պատժամիջոցներով՝ ադրբեջանական օրենսդրությանը համաձայն»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ փաստաթղթում, հայտնում է Անադոլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի քաղաքացիները, ովքեր ապօրինի այցելում են «օկուպացված ադրբեջանական տարածքներ», կորցնում են հյուպատոսական աջակցությունից օգտվելու իրավունքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում թուրքական մտավորականության ներկայացուցիչներ Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն այցելել են Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Այդ այցը հարուցել է Ադրբեջանի ցավագին արձագանքը: ԱՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել վերոհիշյալ անձանց նկատմամբ: Ավելին, նրանց նկատմամբ միջազգային հտախուզում է հայտարարվել՝ Ինտերպոլի գծով: Հայտնի է, որ Թուրքիան իր քաղաքացիներին չի հանձնում օտարերկրյա պետություններին՝ Ինտերպոլի հարցմամբ: Սակայն, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ Անկարան կկատարի ադրբեջանական օրենսդրության իրավական պահանջները:



