


Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքն իր քարոզարշավն սկսել է Տավուշի մարզից:
Տավուշի մարզում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի 15 հիմնական դրույթները: Փաստաթղթում, մասնավորապես, նախատեսում է միջին կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացում 25 հազար դրամով, պարբերական ինդեքսավորմամբ: «Ծառուկյան» դաշինքն ընտրություններում հաղթանակի հասնելու դեպքում մտադիր է նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչև 80 հազար դրամ (ներկայումս այն կազմում է 50 հազար): Դաշինքը խոստանում է փոքր և միջին բիզնեսն ազատագրել հարկերից երեք տարի ժամկետով, հայտարարել հարկային համաներում, այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք պետությանը պարտավոր են մինչև 60 մլն դրամ: «Ծառուկյան» դաշինքը մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, նվազեցնել այդ ոլորտի վարկավորման տոկոսադրույքները 3-5%, ինչպես նաև արտոնություններ տրամադրել վերամշակող ձեռնարկություններին: Դաշինքը մտադիր է նաև արմատական բարեփոխումներ իրականացնել ճանապարհային ոստիկանության ոլորտում, վերացնելով ավտոկանգառների վճարները, ինչպես նաև ապամոնտաժել արագաչափերը: Ծառուկյանը և նրա թիմը կհրաժարվի նաև կենսաթոշակային կուտակային համակարգից: Դաշինքը խոստանում է իջեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար:
Քաղաքական ուժը մտադիր է հիմնարար բարեփոխումներ անցկացնել առողջապահության, սոցիալական, կրթության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում: Հատկանշական է, որ «Ծառուկյան» դաշինքը, խոստումներից բացի ոչ մի կոնկրետ մեխանիզմ չի ներկայացնում Հայաստանում «սոցիալական դրախտ» կառուցելու ուղղությամբ:-



