


Արմինֆո.Ոչ մի այլ կողմնակի պետություն ոչ մի ազդեցություն չունի և չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին: Հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը` ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությնա կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
Դիվանագետն ընդգծել է, թե ծանոթ չէ թուրք նախարարի այդ հայտարարությանը, սակայն կարող է ասել մեկ բան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: «Ամեն ինչ կլուծվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Որքան ինձ հայտնի է, այս ամիս միջազգային միջնորդները կայցելեն տարածաշրջան և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Սպասենք այդ հանդիպումների արդյունքներին», -եզրափակել է Վոլինկինը:
Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր, թե Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
ՙՄինսկի խումբը, ինչպես նաև Ռուսաստանը ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար: Վերջին ժամանակներս օրակարգում է գտնվում ՙօկուպացված ադրբեջանական տարածքներից, հատկապես՝ հինգ շրջաններից, Հայաստանի զինված ուժերի դուրս բերման հարցը՚: Մենք աջակցում ենք ցանկացած կարգավորման, որը համապատասխանում է Ադրբեջանի շահերին՚,- նշել էր թուրք նախարարը: ԱԳՆ ղեկավարի համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելացնի այդ ուղղությամբ իր ջանքերը:



