


ՀՀԿ պատգամավորներին հրահանգվել է չմեկնաբանել եւ հայտարարություններով հանդես չգալ Ոստիկանության ՊՊԾ շենքը գրաված աշխարհազորայինների գործողությունների առնչությամբ:
Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները: Հենց այդ պատճառով ՀՀԿ շատ պատգամավորների հեռախոսներն անջատված են, կամ նրանք համառորեն չեն պատասխանում զանգերին: Այդուհանդերձ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առավոտվանից ի վեր հաջողվել է զրուցել ՀՀԿ որոշ պատգամավորների հետ, ովքեր, ըստ երեւույթին, դեռ տեղյակ չեն եղել արգելքի մասին: Մասնավորապես, ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հայտարարել է, թե ՀՀ ոստիկանության ՊՊԾ շենքը զավթած աշխարհազորայինների գործողություններն արկածախնդրություն է, որն, իհարկե, իշխանափոխության չի հանգեցնի, ինչպես նրանք պահանջում են: «Ես չգիտեմ, թե նրանք ինչի մասին են մտածել, երբ դիմել են նման քայլի: Այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է Մարտիրոսյանը:
Միեւնույն ժամանակ, ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը, հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը աշխարհազորայինների պահանջով հրաժարական չի տա, քանի որ օրինական ընտրված նախագահ է: «Եթե նրանք ուզում են իշխանափոխություն, թող սպասեն 2017 թվի հերթական ընտրւոթյուններին: Իշխանությունը խաղալիք չէ, որ ով երբ ուզենա՝ այն վերցնի: Անցել են ժամանակները, երբ կարելի էր բռնության ճանապարհով իշխանություն վերցնել», - հավաստիացրել է հանրապետականը:



