ԵԱՏՄ նպատակը Եվրամիության թուլացումն է և Եվրոպայում նոր բաժանարար գծերի ստեղծումը: Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ելենա Խոշթարիան:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե զարգացման տարբեր ինտեգրացիոն վեկտորներ ընտրած Երևանն ու Թբիլիսին որքանով կարող են նպաստել երկխոսության հաստատմանը ԵԱՏՄ և ԵՄ միջև, քաղաքական գործիչը նշել է, որ ԵԱՏՄ-ն արմատապես և ըստ սահմանման չի կարող համարվել ԵՄ գործընկեր: «Դա, այսպես ասած, Խորհրդային Միության ռեբրենդինգ է, որը ենթադրում է հետխորհրդային պետությունների բռնի ներգրավում այդ կազմակերպությունում: Ուստի ճիշտ չէ ԵԱՏՄ ներկայացնել որպես Եվրամիության այլընտրանք: Նույնիսկ` պրագմատիկայի տեսանկյունից: Ի՟նչ է տալիս մեզ ԵԱՏՄ, ինչպիսի՟ գործնական լուծումներ է տալիս այդ ինտեգրման նախագիծը, որոնք օգտակար կլինեն Վրաստանի կամ ցանկացած այլ պետության համար: Ի՟նչ է տվել այն հենց Հայաստանին», - հռետորական հարց է տվել ընդդիմադիր գործիչը:
Նրա ասելով, այդ կառույցը չի կարողացել անվտանգության որևէ երաշխիք տալ Հայաստանին, որը գտնվում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ: «Էլ չեմ խոսում տնտեսական զարգացման և շատ այլ ասպեկտների մասին: Քաղաքականության տեսանկյունից այդ կազմակերպությունը հիմնվում է ոչ թե ազատ ընտրությամ, այլ` կոնֆլիկտների, ճնշման և սպառնալիքների ճանապարհով նոր պետությունների ներքաշման վրա», - ընդգծել է Խոշթարիան:
Քաղաքական գործիչը կարծում է, որ ԵԱՏՄ-ն այլընտրանք չէ: «Դա կամ ինքնիշխանություն է Արևմուտքում, կամ` ինքնիշխանության բացակայություն Արևելքում», - համոզմունք է հայտնել նա: Միևնույն ժամանակ, խոսելով, ընդհանուր առմամբ, իր կուսակցության քաղաքական գծի մասին, Խոշթարիան նշել է, որ «Միացյալ ազգային շարժումը» կշարունակի հավատարիմ մնալ արևմտյան վեկտորին: Նրա ասելով, կուսակցությունը բոլորովին վերջերս համալրվել է նոր կադրերով, որոնք մշակել են նախընտրական ծրագիր:
«Ամենակարևորը` որ մենք գիտակցել ենք մեր բացթողումներն ու սխալները և պատրաստ ենք դրանք շտկել: Այսօր մենք ունենք բավականին լավ մեկնարկային դիրքեր և առավելագույն ջանք կգործադրենք քաղաքացիների վստահությունը վերադարձնելու, ընտրություններում հաղթելու և միանձնյա կառավարություն ձևավորելու համար: Մեր նախընտրական ծրագրում շեշտադրումը տնտեսական զարգացման, սոցիալական քաղաքականության, դատական համակարգի արմատական բարեփոխման վրա է», - նշել է քաղաքական գործիչը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ նախընտրական քարոզարշավը բավականին կոշտ կլինի, և ակնկալվում է, որ կլինեն ճնշման փորձեր, ինչն արդեն դրսևորվում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի նկատմամբ դատավարությունում, շանտաժներ` քաղաքական գործիչների մասնավոր կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակման միջոցով, չի բացառվում նաև իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:
Խոշթարիան նշել է, թե, նկատի ունենալով, որ գործող իշխանությունը և կառավարող «Վրացական երազանքը» չեն կատարել նախընտրակլան խոստումները, իսկ մյուս կուսակցություններն իրենց սպառել են, Վրաստանի հասարակությունը դարձել է ավելի անտարբեր: Այսպես, քաղաքական գործչի պնդմամբ, քաղաքացիների շուրջ 60%-ը դեռ չի կողմնորոշվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առնչությամբ:
«Դա հանգեցրել է նա այն բանին, որ սկսել են ի հայտ գալ մանր կուսակցություններ` ռուսամետ կողմնորոշմամբ: Կա հավանականություն, որ դրանք նույնպես կմտնեն նոր խորհրդարան` թեև այնտեղ էական դեր չեն խաղա», - եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերջնական թիվը դեռ չի որոշվել:
Լրագրողների այցը Վրաստան կազմակերպել էին Go Group Media-ն և JAMnews մեդիա-պլատֆորմը: