Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցաքննության է կանչվել օֆշորային սկանդալի գործով, որում, ԶԼՄ-ների վարկածի համաձայն, շրջանառվել է նաև նրա անունը: Ինչպես հաղորդել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանը, Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում։ «Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն», - հայտնել է Ահարոնյանը։
Հիշեցնենք, որ դեռ մայիսի 2-ին ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել Պանամայի օֆշորային գործարքների առնչությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)։ Չնայած այն հանգամանքին, որ անցել է արդեն մեկ ամսից ավելի, ԶԼՄ-ների տվյալներով, Միհրան Պողոսյանն ընդամենը մեկ անգամ է կանչվել հարցաքննության, այն էլ` նախօրեին:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 18-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու՚, - նշել էր Մ.Պողոսյանն իր դիմումում: Ապրիլի 3-ին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ու Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը (OCCRP) հրապարակել են օֆշորների համաշխարհային ցանցին նվիրված հետազոտություն: Խոսքը վերաբերում է շուրջ 11,5 մլն փաստաթղթին, որոնք բացահայտում են ՙստվերային տնտեսության՚ մասշտաբները, որին մասնակցում են համաշխարհային հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ: Ըստ այդ փաստաթղթերի՝ Միհրան Պողոսանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ՚ (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ՚ (Hopkinten Trading Incorporated),«Բանջիո ինվեստ՚ (BANGIO INVEST S.A.),բաժնետեր է: Այնտեղ գրանցված ընկերությունների միջոցով նա զբաղվում է բիզնեսով՝ թաքցնելով ստացվող եկամուտները: