
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գերմանիայի պատգամավորներին հասցեագրված մեղադրանքի առնչությամբ:
Լամերտն ափսոսանք է հայտնել Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական գործիչների ատելությամբ լի սպառնալիքների առնչությամբ և անընդունելի համարել, որ 21-րդ դարում «ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը» Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների հասցեին իր քննադատությունը համեմում է նրանց թուրքական ծագմանն առնչվող կասկածանքով` նրանց արյունը համարելով «պղծված», հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բունդեսթագի նստաշրջանի բացման խոսքում Լամերտը նաև նշել է, որ Գերմանիայի խորհրդարանականները պատրաստ են բանավեճի և քննադատության, սակայն յուրքանաչյուր ոք, ով կփորձի սպառնալիքների օգնությամբ ճնշում գործադրել առանձին պատգամավորների նկատմամբ, պետք է գիտենա, որ նա հարձակվում է ողջ խորհրդարանի վրա:
«Բունդեսթագը համապասխան ձևով կարձագանքի դրան` օրենքով իր տնօրինության տակ գտնվող գործիքների օգնությամբ: Ես ընդգծում եմ բոլոր այն գործընկերների հետ մեր համերաշխությունը, ինչն ինքնըստինքյան հասկանալի է, ովքեր իրենց քաղաքական գործունեության առնչությամբ ենթարկվում են սպառնալիքների կամ ճշման», - նշել է Բունդեսթագի նախագահը: Լամերտի այդ հայտարարությունն ընդունվել է ծափողջույններով: Գերմանիայի խորհրդարանի նիստին ներկա է եղել նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե Գերմանիայի թուրքական ծագումով խորհրդարանականներից պետք է արյան նմուշներ վերցնել, ստուգելու համար, թե արդյոք նրանք իրոք թուրք են: Բացի այդ, Թուրքիայի նախագահը ենթադրություն էր հայտնել, թե պատգամավորները կարող էին գործել` ելնելով Քրդական աշխատավորական կուսակցության շահերից, որը ԳԴՀ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց բանաձև, որը ցեղասպանություն է որակում 1915-1916 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը: Բանաձևն ըդնունվեց գրեթե միաձայն` մեկ «դեմ» և մեկ «ձեռնպահ»: Բանաձևում ճանաչվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև` այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը: Թուրքիան պետության առաջին դեմքերի մակարդակով Բեռլինին նախազգուշացրել է թուրք-գերմանական հարաբերությունների վրա այդ բանաձևի ընդունման հնարավոր բացասական հետևանքների մասին: Անկարան նաև հետ է կանչել իր դեսպանին Գերմանիայից: Ավելի ուշ Անկարան հայտարարել է, որ կընդունի ԳԴՀ նկատմամբ «գործողությունների ծրագիր»: