


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հետ:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացավող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։
ԱԺ հաղորդագրության համաձայն, Ռուբեն Ռուբինյանը ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։


