


Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհանն Վադեֆուլի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Հայաստանին ուղղված կոչին:
"Պատկերացրեք հակառակ իրավիճակ. ԵԱՏՄ անդամ ցանկացած երկրի ԱԳՆ ղեկավարը հայտարարում է, որ "այսինչ նպատակների համար Հայաստանում պետք է փոխել սահմանադրությունը"։ Որքան արագ այդ երկրի դեսպանատան մոտ կհավաքվեր իշխանությունների կազմակերպած հանրահավաք՝ ընդդեմ "ՀՀ ներքին գործերին անթաքույց միջամտության",- հարցրել է Մաթևոսյանը։
Փորձագետը հեգնանքով հավելել է, որ այդ հարցն ավելի շատ հռետորական է։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե նոր սահմանադրությամբ ամրագրվելու է երկրի անկախության դեմ քաղաքական քարոզչության արգելքը:
"Բարձր է հնչում, բայց անմիջապես ծագում է անհարմար հարց. արդյո՞ք ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը եւ եվրաինտեգրման մշտական կոչերը պետական ինքնիշխանության մի մասը վերազգային կառույցներին հանձնելու քարոզչություն չէ։ Թե՞ Բրյուսելի պարագայում "դա ուրիշ է", - նշել է նա։ Այդ առումով Մաթևոսյանն ուշադրություն է հրավիրել նաև Գերմանիայի արտգործնախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին։
Նոյեմբերի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Tagesschau-ին, հաղորդել էին, որ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն ընդգծել է մնացած հարցերը կարգավորելու, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:


