
Արմինֆո. «Ուժեղ Հայաստանը» և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։ Քաղաքական ուժը նման հայտարարությամբ է հանդես եկել նոյեմբերի 23-ին ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակման առնչությամբ։
«Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը։
Ուժեղ Հայաստանը և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։
Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա։
Ո՛չ ալիևյան սահմանադրությանը։ Այո՛ անկախ Հայաստանին», - ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում
Նշենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծն արդեն հրապարակվել է հատուկ դրա համար ստեղծված կայքում: Դրանից հետո նա նաև ուղիղ եթերով հանդես է եկել հանրապետության քաղաքացիներին ուղղված ուղերձով: Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագիծն արմատական փոփոխություններ է նախատեսում հայոց պետականության հիմքերը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ պետության հարաբերությունները սահմանող ձեւակերպումներում: Երկրի գլխավոր օրենքից հանվել է հղումը Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հատկանշական է, որ սրանք հենց այն կետերն են, որոնց ՀՀ սահմանադրությունից հանելուն ձգտում էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Երկրի նոր հիմնական օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://yourconstitution.am/hy։
Հավելենք, որ մինչև ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակումը Փաշինյանը հանդես էր եկել ընդդիմությանն ուղղված առաջարկով: Նա հայտարարել է, որ "կհեռանա", եթե խորհրդարանական ընդդիմությունը չխոչընդոտի նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն: