
Արմինֆո. "ՀյաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու իր առաջարկը՝ նոյեմբերի 23-ին երկրի նոր սահմանադրության նախագծի հրապարակման եւ դրան հաջորդած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի առնչությամբ։
«Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որով փորձեց օտար ճնշման տակ պարտադրվող Սահմանադրության փոփոխությունը, որով հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր բոլոր ազգային իղձերից և նպատակներից, և դառնա Ադրբեջանի կցորդը, ներկայացնել որպես խաղաղության և ազատության ճանապարհ բացող«դարակազմիկ» փաստաթուղթ։
Այս ամենին նախորդել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից Արցախի ամոթալի հանձնումն Ադրբեջանին, Հայաստանի ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումը նույն Ադրբեջանին, 2026 թ․ համապետական ընտրությունների արդյունքների կեղծումը և դրանով ժողովրդի հավաքական կամքի լկտի ոտնահարումը, քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումները՝ ազատազրկման, ունեզրկման և տարաբնույթ հալածանքների ձևով։ Եվ այս ամենով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կոտրել հայ ժողովրդի պայքարի ոգին, նրա սեփական ինքնության և ազատ կամքի պաշտպանության բնական բնազդը, և այժմ հայտնվել է այն անխուսափելի փակուղում, որը մոտեցնում է նրա անփառունակ քաղաքական գործունեության ավարտը։
Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, արտաքին պարտադրանքի և ներքին բռնաճնշումների պայմաններում ժողովուրդները Սահմանադրություն չեն փոխում, այսպիսի պայմաններում ընդունված սահմանադրություններն էլ կարճ կյանք են ունենում։ Երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու համար «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է ՝
1. Նիկոլ Փաշինյանը, որպես Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակական միակողմանի զիջումներ իրականացրած, Արցախը կորցրած, Հայաստանի Հանրապետությունը փաստացի կապիտուլյացիայի առաջ կանգնեցրած, ընտրությունների արդյունքները կեղծած և քաղաքական ընդդիմության դեմ համատարած բռնաճնշումներով բոլոր կարմիր գծերն անցած ղեկավար, առանց որևէ նախապայմանների հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
2. Ազգային ժողովի երեք խմբակցությունները համատեղ ձևավորում են քաղաքականապես չեզոք, հասարակության վստահությունը վայելող ժամանակավոր կառավարություն, որը դադարեցնում է ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, ջանքեր է գործադրում՝ մեղմելու հանրային բևեռացումը, և վեց ամսվա ընթացքում նոր, թափանցիկ և ազատ ընտրություններ է կազմակերպում, որոնք հնարավորություն են տալիս ձևավորելու այնպիսի իշխանություն, որն արտացոլում է իրական հանրային կարծիքը և ունի հանրային բարձր լեգիտիմություն
3. Նոր ձևավորված իշխանությունը, ելնելով հանրությունից ստացած մանդատից, Ադրբեջանի հետ սկսում է իրական, արժանապատիվ խաղաղության գործընթաց, իսկ սահմանադրական փոփոխությունների հարցն անջատվում է այդ գործընթացից՝ որպես Հայաստանի ներքին օրակարգի խնդիր` դրանով հնարավորություն տալով այն իրականացնելու հանրային լայն աջակցության և շահագրգիռ բովանդակային քննարկումների պայմաններում», - ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
Նշենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծն արդեն հրապարակվել է հատուկ դրա համար ստեղծված կայքում: Դրանից հետո նա նաև ուղիղ եթերով հանդես է եկել հանրապետության քաղաքացիներին ուղղված ուղերձով: Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության նախագիծն արմատական փոփոխություններ է նախատեսում հայոց պետականության հիմքերը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ պետության հարաբերությունները սահմանող ձեւակերպումներում: Երկրի գլխավոր օրենքից հանվել է հղումը Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հատկանշական է, որ սրանք հենց այն կետերն են, որոնց ՀՀ սահմանադրությունից հանելուն ձգտում էին Ադրբեջանն ու Թուրքիան։ Երկրի նոր հիմնական օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․ https://yourconstitution.am/hy։