
Արմինֆո. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգին կարող է գաղութացման վտանգի տակ դնել հանրապետությունը։ Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
"Մենք արդեն բազմիցս խոսել ենք ադրբեջանական գաղութացման վտանգի մասին։ Եթե մեծ համակարգը միացնում ես փոքր համակարգին, ակնհայտ է, թե ով է այնտեղ գերիշխող դառնում։ Եկեք սրան գումարենք "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության նկատմամբ ռեյդերությունը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի հետ՝ 880 ԳՎատ կանաչ միջանցքի մասին, և ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ Էներգետիկ էքսպանսիայի, կլանման քաղաքականություն է վարելու", - ասել Է ընդդիմադիրը։
Նա հավելել է, որ այդ գործողությունները հիմնավորելու համար բերվելու են ամերիկյան սերվերներ, որոնք բերել և տեղադրել են Հայաստանում՝ այն պայմաններում, երբ ողջ աշխարհում պայքարում են դրանց տեղադրման դեմ:
Նրա խոսքով, դա "լրացուցիչ մահակ կլինի Ադրբեջանի ձեռքում՝ Հայաստանի գլխին", ինչպես դա եղել է նախորդ դարի 90-ականների սկզբին, որոնք Հայաստանում անվանում էին"մութ ու ցուրտ ժամանակներ": Նա հիշեցրել է, որ այն ժամանակ Ադրբեջանը պայթեցրեց էլեկտրացանցերը դեպի Հայաստան, կանգնեցրեց մազութի ցիստեռններով գնացքները, դադարեցրեց գազի մատակարարումը։
Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագծի շրջանակներում նախատեսվում է միացնել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։