


Արմինֆո. Նոյեմբերի 23-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի եւ Դրագան Կրապովիչի առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։


