
Արմինֆո. "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի մեկնարկն առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության պայմանագրի առկայության նույնն է, ինչ "զիջումներ առանց խաղաղության" իրագործումը: Այդ մասին նոյեմբերի 23-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի իրականացման մեկնարկը կտրվի։
Նրա խոսքով՝ ներկայիս իրողություններում խաղաղության պայմանագիրը եւ TRIPP նախագիծը միեւնույն գործընթացի կարեւոր բաղադրիչներն են։ Ավելին, ինչպես նշել է ընդդիմադիրը, այսօր այդ երկու հասկացությունները, փաստորեն, նույնացվում են։ "Այսօր պետք է տրվի TRIPP նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Խոսքը ճանապարհի մասին է, որն Ադրբեջանին կապահովի Նախիջևանի հետ անարգել հաղորդակցություն։ Հանրային ընկալումներում այնպիսի տպավորություն է, որ այդ ճանապարհը տրվում է խաղաղության դիմաց։ Սակայն, փաստորեն, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ խաղաղության պայմանագրի շուրջ բազմաթիվ չլուծված հարցեր են մնում, բանակցային գործընթացը գրեթե չի ընթանում, մինչդեռ, TRIPP-ն արդեն անցնում է իրականացման փուլ", - ուշադրություն է հրավիրել ընդդիմադիրը։
Այդ առնչությամբ Աբրահամյանը հիշեցրել է ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված այն հարցի մասին, թե արդյոք հնարավոր է, որ TRIPP-ը կյանքի կոչվի, անարգել տեղաշարժվելու համար ճանապարհ տրամադրվի, իսկ խաղաղության պայմանագիրը մինչ այդ պահն այդպես էլ չստորագրվի: Ինչպես հիշեցրել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղարը, Միրզոյանն այն ժամանակ հաստատել էր, որ նման սցենար հնարավոր է։ "Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն անարգել հաղորդակցվելու հնարավորություն է տալիս, մինչդեռ, դրա դիմաց ստանում է միայն անորոշություն։ Սրան զուգընթաց Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի սահմանադրության փոփոխման վերաբերյալ և նոր զիջումների մասին է ակնարկում։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ հայ ժողովուրդն այժմ պետք է ներողություն խնդրի ադրբեջանական ժողովրդից ։ Նման հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը հետագայում ևս շարունակելու է նոր պահանջներ ներկայացնել։ Մինչդեռ, երկրների միջև խաղաղություն այդպես էլ հաստատված չէ ։ Եվ, ըստ էության, խոսքը գնում է "զիջումներ առանց խաղաղության" հայեցակարգի իրագործման մասին", - եզրափակել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ "Խաղաղության հռչակագիր"։ Այն նախատեսում է համատեղ դիմում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ դրա հետ կապված կառույցների դադարեցման մասին, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կկապի Ադրբեջանն իր նախիջեւանյան էքսկլավի հետ, որը շրջապատված է Հայաստանով, Թուրքիայով եւ Իրանով: Իսկ արդեն 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ԱԳՆ-ը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ 12 էջանոց փաստաթղթում ներկայացված են նախագծի հիմնական նպատակները և դրա գործունեության մեխանիզմները։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ «Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը», - ասվում է փաստաթղթում։